Նորություններ

31/10/2013

Նոր էլեկտրոնային ծառայություններ www.e-cadastre.am կայքում


Հարգելի այցելուներ, ուրախ ենք տեղեկացնել Ձեզ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար նախատեսված www.e-cadastre.am կայքում

գործարկվել են հետևյալ նոր էլեկտրոնային ծառայությունները

 

Տեղեկատվության առցանց ստացում

Այս ծառայության միջոցով Դուք կարող եք առցանց հարցումներ կատարել այն անշարժ գույքի միավորների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն ստանալու համար, որոնց նկատմամբ 2013 թվականի ընթացքում կատարվել են իրավունքների պետական գրանցումներ:

Հարցման նպատակով անշարժ գույքի միավորի նույնականացումը կատարվում է 2013 թվականի ընթացքում նշված միավորի նկատմամբ կատարված որևէ իրավունքի պետական գրանցման վկայականի համարի միջոցով: Միավորը նույնականացնելու համար անհրաժեշտ է փնտրման դաշտում մուտքագրել գրանցման վկայականի համարը, որի միջոցով անշարժ գույքի միավորը նույնականացվելու դեպքում էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ է ընտրել տրամադրվող տեղեկատվության տեսակը:

Առցանց հարցման առարկա են հանդիսանում տեղեկությունների երեք հետևյալ համախմբերը`

  1. 1.     Անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրեր, որոնց մեջ ներառված են հողամասի և շինությունների նպատակային և գործառնական նշանակությունները, մակերեսները, կադաստրային արժեքը (գյուղատնտեսական հողամասերի զուտ եկամուտի չափը):
  2. 2.     Գրանցված իրավունքներ, որոնց մեջ ներառված են տեղեկատվության տրամադրման պահին անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված բոլոր իրավունքների և դրանց սուբյեկտների տվյալները:
  3. 3.     Շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման համար հիմք հանդիսացող տվյալներ. տեղեկությունների այս համախմբում ներառված են շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման համար հիմք հանդիսացող բոլոր բնութագրերի մասին տվյալները:

 

Էլեկտրոնային կադաստրային քարտեզի տրամադրում

Գրանցվելով www.e-cadastre.am կայքում այսուհետ Դուք կարող եք առցանց պատվիրել Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի կադաստրային քարտեզի հատվածը: Անհրաժեշտ տարածքի (քարտեզի հատվածի) ընտրությունը կատարվում է կայքում տեղադրված կադաստրային քարտեզների վրա համապատասխան տարածքը նշելու միջոցով, որից հետո մուծելով տեղեկատվության տրամադրման  վճարը, դիմողը հնարավորություն է ստանում կայքից ներբեռնել պատվիրված էլեկտրոնային քարտեզը: Հարկ է նշել նաև, որ նման դիմումների համար կայքում նախատեսված է տեղեկատվության վճարի մուծման երկու տարբերակ` հետվճարային և կանխավճարային: Առաջին դեպքում վճարումը կատարվում է կայքում պատվերը տեղադրելուց հետո` մինչև պատվիրված քարտեզի ներբեռնումը, որի դեպքում Ձեզ կտեղեկացվի նաև ներբեռնվող տեղեկատվության համար վճարման ենթակա գումարը` հաշվարկված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածով սահմանված վճարների չափերի հիման վրա: Վճարի մուծման կանխավճարային եղանակը ընտրելու դեպքում դիմողը կարող է նախօրոք վճարել տեղեկատվության տրամադրման համար նախատեսված վճարը, ընդ որում, եթե նախօրոք վճարված գումարի և տեղեկատվության տրամադրման համար գանձման ենթակա վճարի չափի միջև դրական տարբերության դեպքում, գումարի մնացորդը Ձեր անվամբ կպահպանվի կայքում  և կարող է օգտագործվել կայքում էլեկտրոնային ծառայությունների համար հետագա վճարումներ կատարելու նպատակով:  Վճարված գումարի և տեղեկատվության տրամադրման համար գանձման ենթակա վճարի չափի միջև դրական տարբերության դեպքում դիմողը ծանուցվում է պակաս վճարված գումարի չափի վերաբերյալ և կարող է ներբեռնել պատվիրված տեղեկատվությունը միայն պակաս մուծված գումարը վճարելուց հետո: