Խնդրում ենք մուտք գործել «ԵՍ֊ԵՄ» համակարգի Նույնականացման քարտի միջոցով
13/02/2018
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հետևողականորեն շարունակում է բարելավել քաղաքացիների սպասարկման որակը և ժամանակին համահունչ ընդլայնել նաև առցանց մատուցվող ծառայությունները:
Մասնավորապես, էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար նախատեսված www.e-cadastre.am պաշտոնական կայքում արդեն իսկ գործարկվել է առցանց՝ ինքնաշխատ եղանակով, տեղեկատվության տրամադրման համակարգը: Հավելենք, որ տեղեկատվության տրամադրման ծառայությունը հասանելի է www.e-cadastre.am կայքի «Տեղեկատվության հարցում» բաժնում:
Առաջարկվող նոր ծառայությունների միջոցով յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի առանց կայքում որևէ գրանցման գործընթաց անցնելու, մուտքագրելով անշարժ գույքի հասցեն կամ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը, կադաստրի միասնական էլեկտրոնային բազայից առցանց՝ ինքնաշխատ եղանակով ստանալ տվյալ անշարժ գույքի վերաբերյալ իրենց հետաքրքրող տեղեկությունները.
Հավելենք, որ եթե գրանցված օգտատերերը համակարգ են մուտք գործում նույնականացման քարտի միջոցով, ապա տեղեկատվության տրամադրումը հասանելի է մի շարք առավելություններով: Մասնավորապես, իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է անվճար: Գրանցված օգտատիրոջը սեփականության իրավունքով պատկանող և միանշանակ նույնականացված անշարժ գույքերը հասանելի են տվյալ օգտատիրոջ «Իմ անշարժ գույքերը» բաժնում: Հիշյալ օգտատերերին հասանելի է իրենց կողմից կատարված հարցումների և դրանց արդյունքում ձևավորված տեղեկանքների պատմությունը:
Հատկանշական է, որ կադաստրի միասնական էլեկտրոնային բազայից առցանց՝ ինքնաշխատ եղանակով ձևավորված տեղեկանքներն ունեն հերթական համար և չկրկնվող գաղտնաբառ, որոնց միջոցով հնարավոր է www.e-cadastre.am կայքի «Փաստաթղթերի դիտում» բաժնում որոնել տվյալ տեղեկանքը, դիտել այն, ներբեռնել և տպել:
Նոր ներդրված համակարգը հնարավորություն է ընձեռել կադաստրի պետական կոմիտեի ծառայություններից օգտվողներին տեղեկատվություն ստանալ անշարժ գույքերի վերաբերյալ առանց այցելելու որևէ սպասարկման գրասենյակ կամ այլ մարմին, տեղեկատվությունը ստանալ հաշված րոպեների ընթացքում և այդ ծառայություներից օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս:
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին