25/12/2024
Ներդրվել է «Անձնական գրասենյակ» գործիքը
Կադաստրի կոմիտեի https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում ներդրվել է «Անձնական գրասենյակ» գործիքը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց պատկանող գույքերի մասով ամբողջական և ընդլայնված տեղեկատվություն ստանալ մեկ տեղից, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից օգտվել հեշտացված եղանակով։
- Գործիքակազմը օգտատերերին տեղեկատվություն ստանալու բազմաթիվ հնարավորություններ է տալիս, որոնցից են
- Դիտել որևէ իրավունքով ձեզ պատկանող անշարժ գույքերի ցանկը,
- Դիտել ձեզ պատկանող գույքերի իրավունքի գրանցման վկայականները, որակական և քանակական տվյալները, գրանցված իրավունքները և սահմանափակումները, կադաստրային գործի փաստաթղթերը,
- Ստանալ ինքնաշխատ տեղեկատվություն՝ քաղվածքների ձևով։ Ընդ որում՝ սեփականության իրավունքով պատկանող գույքերի դեպքում այդ տեղեկատվությունը տրամադրվում է անվճար,
- Առանց գաղտնաբառի մուտքագրման դիտել կամ ներբեռնել էլեկտրոնային եղանակով տրամադրված իրավահաստատող փաստաթղթերը, հասցեի տրամադրման որոշումները, չափագրման փաստաթղթերը,
- Պարզ և առավել հեշտ տարբերակով մուտքագրել դիմումներ, որի դեպքում գույքի հասցեն լրացվում է ինքնաշխատ, իսկ «ներկայացվող փաստաթղթեր» բաժնում էլեկտրոնային եղանակով տրամադրված փաստաթղթերը դիմումին կցագրվում են ցանկից՝ առանց գաղտնաբառի լրացման։
- Հարթակի համապատասխան գործիքակազմի միջոցով հնարավոր է նաև Կադաստրի կոմիտե ուղարկել հաղորդագրություններ գույքերի ցանկում առկա սխալների (օրինակ՝ արտացոլված չէ ձեզ պատկանող որևէ գույք, կամ ցանկում առկա է ձեզ չպատկանող գույք), ինչպես նաև գույքերի արտացոլված տվյալներում հայտնաբերված սխալների վերաբերյալ։
- Համապատասխան գործիքակազմի կիրառման միջոցով հնարավոր է նաև ստանալ ծանուցումներ ձեզ սեփականության իրավունքով պատկանող գույքերի մասով, եթե դրանց նկատմամբ այլ անձանց կողմից ներկայացվել են իրավունքի պետական գրանցման կամ միասնական տեղեկանքի տրամադրման դիմումներ։
- Ներդրված գործիքից օգտվելու համար անհրաժեշտ է e-cadastre.am հարթակ մուտք գործել խիստ նույնականացման գործիքների միջոցով (eID կամ mID)։